Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ 23 երկրներ ստեղծում են եվրոպական բանակ

ԵՄ 23 երկրներ ստեղծում են եվրոպական բանակ
14.11.2017 | 10:00

Ռուսաստանի քաղաքականությունը` մի կողմից, Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից` մյուս կողմից, արագացրին ԵՄ երկրների ռազմական ինտեգրումը: Նոյեմբերի 13-ին ԵՄ 23 երկրներ ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ սիրում են նման քայլերն անվանել «եվրոպական բանակի ստեղծում»: Համաեվրոպական զինված ուժերի ստեղծումը դեռ հեռու է, համաձայնագիրը քայլ է այդ ուղղությամբ: Երկուշաբթի ստորագրված Մշտական կառուցվածքային համագործակցության (Permanent Structured Cooperation, PESCO) ծրագրի շրջանակներում ԵՄ երկրները պարտավորվում են միավորել ջանքերը սպառազինության և այլ ռազմական նախագծերի մշակման, հետագայում` իրավական ու ռազմական նախապատրաստությունից հետո` ԵՄ-ի տնօրինությանը հանձնել մարտական ստորաբաժանումներ` ի հավելումն արդեն գոյություն ունեցող խաղաղարար ուժերի: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ստորագրված համաձայնագիրն անվանեց պատմական իրադարձություն: «Ես այսօր հետևում էի` ինչպես էիք դուք բոլորդ ստորագրում մի փաստաթուղթ, որ ընդամենը մեկ տարի առաջ ձեր մեծամասնությունը և մնացած աշխարհի մեծ մասը համարում էին անհնար»` ասաց Ֆեդերիկա Մոգերինին: Համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ, մասնավորապես, բրեկզիտից հետո: ԵՄ զինված ուժերի ստեղծման կողմնակից են Ֆրանսիան (ԵՄ ամենահզոր ռազմական տերությունը), Գերմանիան և նրանց դաշնակիցները: «Եվրոպայի բանակի» կողմնակից է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Մեծ Բրիտանիան մշտապես արգելակում էր այդ ծրագրերը` բացատրելով, որ պետք չէ պատճենել ՆԱՏՕ-ին և խարխլել նրա դերը:

«ՆԱՏՕ-ն պետք է մնա մեր պաշտպանության և Եվրոպայի պաշտպանության անկյունաքարը»` սեպտեմբերին ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ասում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Երբ պարզ դարձավ, որ PESCO-ն ստորագրվելու է, Մեծ Բրիտանիան ձգտում է մասնակցել նախագծին: Դիվանագետների խոսքով` Լոնդոնը զգուշանում է, որ իր ռազմական ու օդատիեզերական արդյունաբերությունը կկորցնի շուկան: PESCO-ն չեն ստոագրել Դանիան, Իռլանդիան, Պորտուգալիան և Մալթան: Ռազմական ինտեգրման ծրագրի հնարավորությունը տրված է «ԵՄ Սահմանադրության»` Լիսաբոնի համաձայնագրի մեջ, որը նախատեսում է կամավոր մասնակցություն: Եվրոպացի շատ քաղաքագետներ ասում են, որ ԵՄ-ի ներսում ռազմական համագործակցությունը և PESCO-ի ստորագրումը խթանեցին Ղրիմի անեքսիան և Ռուսաստանի մյուս գործողությունները:
BBC

Հ.Գ. Հանուն ճշմարտության` եվրոպացի քաղաքագետներն ու փորձագետները նաև պիտի ասեին, որ երկար տարիների խոսակցություններից հետո PESCO-ի ստորագրումը խթանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը և ՆԱՏՕ-ի անպաշտպանությունը եվրոպական մայրաքաղաքներում ահաբեկչությունների առաջ: Այս քայլով ԵՄ-ն անում է ԱՄՆ-ից անկախանալու իր հրապարակային առաջին քայլը: Պատահական չէ, որ PESCO-ի ստեղծմանը դեմ է եղել Մեծ Բրիտանիան, որ ԱՄՆ-ի առաջին դաշնակիցն ու գործընկերն է Եվրոպայում: Ֆրանսիային ու Գերմանիային հաջողվեց հնարավոր դարձնել մի փաստաթղթի ստորագրում, որ ինչպես Ֆեդերիկա Մոգերինին էր ասում` ԵՄ-ում ու աշխարհում համարվում էր անհնար: Հարցն ունի նաև ֆինանսական արժեք և չի բացառվում, որ եվրոպական պետությունները ժամանակի հետ նվազեցնեն ՆԱՏՕ-ին ֆինանսական հատկացումները «Եվրոպական բանակի» ձևավորման ու կայացման զուգահեռ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ